«ՖՐՈ՚ՒՆԶ ՋԱՆ, ԱՊՐԻ՛Ս, ԿՈՒԶԵՄ ԱՅՍ ԳԻՇԵՐ ՈՏՔԵՐԻԴ ՏԱԿ ՊԱՌԿԻՄ, ՔՆԻՄ»
Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. «Դերասան ես հա՞, կապիկություն կենես, հա՞»:
ՈՒ նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
... Դեռ Լենինականում (Գյումրի) մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի. ինձ թվաց` պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել:
Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ: Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. «Ֆրո՚ւնզ ջան, ապրի՛ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:
ԵՂԲՈՐ` ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Մի օր Մհերը երկար ժամանակ կանգնեց հայելու դիմաց, սանրվեց, սափրվեց, փողկապ կապեց: Մայրս կանգնած նայում էր ու վերջում հարցրեց.
«Ա՛յ բալա, էս ո՞ւր կերթաս, էսպես երկա՜ր կսանրվիս, կթրաշվիս, գալըստուկ կկապես, դուխի կցանես վրեդ»:
Ասաց. «Մա՛մ ջան, բանկետի»: «Ա՛յ բալա, էդ ի՞նչ տեղ է էդ բանկետը: Ես քեզնից հա լսում եմ, բայց բան չեմ հասկանում»:
«Մա՛մ ջան, մեծ դահլիճ է, երկար սեղան գցած: Թերթեր են, ժուռնալներ, գրքեր են, ու մենք նստած կարդում ենք»: «Քոռանամ ես, բալա՛ ջան, գնա՛, գնա՛, բայց շատ չխմես»:
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
-Երբ առաջին անգամ գնացի Մարտիրոս Սարյանի արվեստանոց, Վարպետը ժպտուն, զննող հայացքով նայեց դեմքիս, կոշտ կերպարանքիս ու հարցրեց.
-Ա՛յ տղա, բնիկ որտեղի՞ց ես:
-Դժվարանում եմ ասել, Վարպետ: Հայրս մշեցի է, մայրս` վանեցի, ծնվել եմ Գյումրիում, ապրում եմ Երևանում...
-ՈՒրեմն դու իսկական հայ ես, - եզրակացրեց վարպետը:-Մի երկու անգամ բեմում քեզ տեսել եմ` էնտեղ էլ հայ ես, որ կաս:
ԷՆՔԱ՜Ն ՇՈԳ Է, ՈՐ…
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել
ՅՈՒ՛Ր ՋԱՆ, ՄԻ՛ ՄՏԱԾԵ, ԱՐԽԱՅԻՆ ԳՆԱ
Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնւոմ է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը,-պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յու՛ր ջան, մի՛ մտածե, արխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:
ԱՌԱՋԻՆ ԴԵՐԸ
Ասում են, որ մեր սիրելի Ֆրունզիկը երբ դեռ 12-13 տարեկան պատանի էր մի անգամ Լենինականում հետևում է ինչ-որ ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Հանկարծ նրան է մոտենուում ռեժիսորի օգնականն ու հարցնում, թե կուզի՞ նկարահանվել ֆիլմում:
Ֆրունզիկը միանգամից համաձայնում է:
Իսկ առաջադրանքը հետևյալն էր, նա պետք է մոտենար, վերցներ գետնից մի քար ու շպրտեր հեռու:
Ֆրունզիկն ամեն ինչ անում է ինչպես հարկն է:
Ամիսներ անց, երբ Լենինականում մեծ էկրանին առաջին անգամ ցուցադրում են այդ ֆիլմը (ցավոք չեմ հիշում, թե որ ֆիլմն էր), Ֆրունզիկն իր ողջ ընկերներին ու բարեկամներին հայտարարում է որ ինքը նկարահանվել է այդ ֆիլմում, բնականաբար բոլորը գալիս են իրենց Ֆրունզիկին տեսնելու մեծ էկրանին:
Երբ գալիս է հիշյալ էպիզոդի պահը, էկրանին երևում են Ֆրունզիկի ոտքերը, նրանք մոտենում են քարին, ապա 2 ձեռքերը, որոնք բարձրացնում են քարը, իսկ հաջորդ կադրում երկնքով սլացող քարն է:
Ֆրունզիկը չկա: Ասում են, որ նրա ծանոթների հիասթափությունը շատ է ազդել պատանի Ֆրունզիկի վրա և նա կինոդահլիճից դուրս է եկել գլխիկոր:
ՈՐ ՄԵՌՆԵՄ` ԴՐՈՇԱԿ ԿԴԱՌՆԱՄ
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց։
Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից